Ընդդիմադիր շարժումը տապալվել է («Տավուշը հանուն հայրենիքի»-խմբ․), որովհետև ժողովուրդն ընկալում է իրական Հայաստանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ շարժումը տապալվել է նաև այն պատճառով, որ «իրական Հայաստանը հաստատվում է ՀՀ-ում»։
«Իրական Հայաստանը հաստատվում է Հայաստանի Հանրապետությունում։ Պատմության մեջ առաջին անգամ մեր ժողովրդի գաղափարախոսությունը կարող է դառնալ պետական գաղափարախոսություն։ Մենք այսպիսի պատմական պահ երբեք չենք ունեցել։ Սովորաբար, մեկուսացած էլիտաներն իրենց կամ ուրիշների ստեղծած ու իրենց վերագրած գաղափարախոսությունները փորձել են ներդնել ժողովրդի շրջանում։ Հաճախ այդ գաղափարախոսությունը պարտադրել են պետական վարչակական լծակներով, նույնիսկ՝ բռնի ուժով»,- ասել է Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ ժողովրդի այսօրվա գաղափարախոսության հիմքում մի քանի բաղադրիչներ կան։
«Ժողովուրդն ասում է՝ այլևս չենք ուզում մաքառել, տառապել, զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել։ Ժողովրդի՝ մեզ ուղղված ուղերձը հետևյալն է․ կարո՞ղ եք արդյոք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք։ ՔՊ-ի առաքելությունը կյանքի գաղափարախոսությունը պետական գաղափարախոսություն դարձնելն է։ Մեր առաքելությունն է ազատության տալ մեր քաղաքացիների լավ ապրելու մղմանը և հնարավոր դարձնել լավ ապրելը»,- ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ՝ Փաշինյանը նշել է, որ կան «սպառնալիքներ և մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են վերոնշյալ գաղափարախոսության իրականացմանը»։
«Կան մեծ երկրներ, միջազգային, խոշոր խաղացողներ, որոնք ասում են՝ «մի րոպե, ո՞նց թե ուզում ես ապրել, մոռացե՞լ ես՝ ով ես, դու քո ինքնությանը դավաճանո՞ւմ ես, ախր դու ոչ թե ապրող, այլ տառապող ժողովուրդ ես, դու պետք է մաքառես, տառապես, գաղթես ու գաս ինձնից օգնություն խնդրես և ես պետք է գամ, քեզ փրկեմ»»,- հավելել է նա։
Փաշինյանի խոսքով՝ հաջորդ սպառնալիքն Ադրբեջանն է։
«Ադրբեջանն ասում է՝ «դու ինձ չես թողել 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի ու պետք է վրեժս քեզնից լուծեմ»»,- եզրափակել է Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։