ՀՀ իշխանությունն «ամեն գնով» փորձում է խոչընդոտել Կապանում ռուսական հյուպատոսության բացմանը, հայտնել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ թեև Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հյուպատոսության համար տարածք էր հատկացրել, սակայն տեղի ՔՊ ակտիվը, բարձրագույն իշխանության դրդմամբ, արդեն քանի ամիս է ակտիվ աշխատում է, որ գործընթացը չկայանա։
«Կապանում ՌԴ հյուպատոսություն չբացելու ակտիվ ջատագովներից է ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը: Նա անգամ ստորագրահավաք է նախաձեռնել, որ կապանցիների անունից ներկայացնի ԱԳՆ-ին, թե դեմ են հյուպատոսություն բացելուն»,- գրել է թերթը՝ նշելով, որ չի կարողացել կապ հաստատել պատգամավորի հետ ու հասկանալ՝ դիմե՞լ է ԱԳՆ, թե՞ ոչ։
ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը հունիսի 20-ին հայտարարել էր, որ Մոսկվան ակնկալում է մոտ ապագայում հյուպատոսություն բացել Կապանում՝ հստակ ժամկետ չնշելով։ 2023թ․ նոյեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ 2023-ի մայիսի 29-ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտնել էր, որ Հայաստանը համաձայնել է Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին։ 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։