Ադրբեջանն անընդհատ իրականությանը չհամապատասխանող տվյալներ է տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարություններով, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունն իր գործառույթներին կամ ծառայությանը վերաբերող հարցերին շատ օպերատիվ արձագանքում է, տեղեկատվություն տրամադրում։
«Եթե որևէ խնդիր ծագի, վերջին շրջանում բոլոր տեսակի տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ ստուգված տեղեկություն ենք տրամադրում։ Սահմանի թե՛ հանգիստ, թե՛ անհանգիստ, թե՛ անկայուն վիճակի մասին մեր լրատվական ծառայությունը տրամադրում է տեղեկատվություն»,- ասել է նա։
Հունիսի 22-ին Երևանը Բաքվին առաջարկել էր մեկնարկել հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմի գործնականացման աշխատանքները։ Հունիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել էր ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ։ Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունները վկայում են կա՛մ հրադադարի խախտման, կա՛մ էսկալացիայի ֆոն ստեղծելու մասին։