Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անհամատեղելի է, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» միջազգային գիտական փորձագիտական ֆորումում, հայտնել է TACC-ը։
Օվերչուկի խոսքով՝ արտատարածաշրջանային խաղացողների ժամանումը Հայաստան «հետևանքներ կունենա»։
«Իհարկե, խոսելով Հայաստանի մասին, անհնար է, սխալ կլինի, ինչպես ասում են, աչք փակել այն փաստի վրա, որ այսօր այս երկրի քաղաքական վեկտորն ավելի ու ավելի է թեքվում դեպի Արևմուտք։ Մենք պետք է հասկանանք նաև, որ Եվրամիությունը և Եվրասիական տնտեսական միությունն անհամատեղելի են: Այն օգուտները, որոնք ինչ-որ երկիր ստանում է Ռուսաստանի հետ հարևանությունից, նույնպես պետք է ընկալվի որպես գին, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և ռազմավարական խորության համար, ուստի որոշ արտատարածաշրջանային խաղացողների այնտեղ գալն, իհարկե, կունենա հետևանքներ»,- ասել է Օվերչուկը:
Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է կայուն Հայաստանով, լավ առևտրային հարաբերություններով, «լավ եղբայրական հարաբերություններով»։
«Երբ իրական սպառնալիքներ են ծագում, ինչպես հիմա, երբ տարերքները փաստացի ոչնչացրին միակ երկաթուղային երթուղին, որը Հայաստանը Վրաստանի տարածքով կապում էր աշխարհի հետ, մենք, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի որոշմամբ, արագ օգնության հասանք և ռեկորդային ժամանակում վերականգնեցինք երթևեկությունը»,- ընդգծել է փոխվարչապետը։
Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ։ Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։