Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին, հնարավոր է, առաջիկայում ձերբակալեն, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ նրա ավտոմեքենայի առգրավման նպատակը ոչ միայն նրան հնազանդեցնելն է ու արցախցիներին փողոցից հետ պահելը, այլև Ալիևի պահանջը կատարելը։
Թերթը հիշեցրել է՝ Ալիևը գրեթե ուղիղ տեքստով վստահություն էր հայտնել, որ ՀՀ իշխանությունը կսանձի «ռևանշիստներին»։ Նա ասել էր՝ «Վստահ եմ, Հայաստանն այլևս երբեք չի փորձի որևէ ռազմական սադրանք իրականացնել Ադրբեջանի դեմ, թեև ռևանշիստները բավականին շատ են։ Մենք հետևում ենք վերջին զարգացումներին, տեսնում ենք, որ փորձեր կան մեր դեմ կրկին տարածքային պահանջներ ներկայացնելու»։
Հունիսի 21-ին փաստաբան Ռոման Երիցյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանի ուժային կառույցների ծառայողները ջարդել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասները և տարել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին սպասարկող ավտոմեքենան։ Մեքենան առգրավելու Քննչական կոմիտեի մտադրության մասին Երիցյանն ահազանգել էր հունիսի 7-ին։
Շահրամանյանը հայտարարել էր լրագրողներին, որ սա ոչ թե մեքենայի, այլ Արցախի մնացորդների վերացման հարց է։