Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների 10-րդ փաթեթն է ստացել Ադրբեջանից, լրագրողներին հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Գործընթացը բավականին դինամիկ է, երբեմն առաջընթաց կա, երբեմն` ոչ։ Մենք աշխատում ենք»,- ասել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարը հայտնել է նաև, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել համատեղ հետաքննական մեխանիզմ ստեղծելու Երևանի առաջարկին։
«Հրապարակային առաջարկել ենք համատեղ հետաքննական մեխանիզմ ստեղծել գերատեսչությունների միջև։ Դրանք կարող են լինել քննչական կամ այլ մարմիններ, որոնք կհետաքննեն դեպքերը, և մենք ու միջազգային մարմինները վստահելի տվյալներ կունենան։ Ադրբեջանից դեռ չեն արձագանքել այս առաջարկին, սպասում ենք»,- նշել է նա։
Խոսելով Բաքվում ապօրինի կալանքի տակ պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների մասին, Գրիգորյանը հայտնել է, որ նրանց վերադարձի համար քայլեր են ձեռնարկում։
«Բոլոր գերիների վերադարձի հարցը քննարկել ենք թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային գործընկերների հետ։ Մենք նրանց վերադարձի ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք»,- ասել է ԱԽ քարտուղարը։
Միևնույն ժամանակ՝ Գրիգորյանը գերիների վերադարձի հարցը խաղաղության նախապայման չի համարում։
«Կարծում եմ՝ այդ հարցը ճիշտ չի լինի փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ, որովհետև նրանք հնարավորինս շուտ պետք է վերադառնան Հայաստան։ Այդուհանդերձ, պետք է աշխատենք, որ խաղաղության հաստումը համապարփակ և բոլոր ուղղություններով լինի, ներառի նաև գերիների վերադարձը»,- եզրափակել է նա։
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երևանը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։ Հունիսի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Երևանն ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության «անհնար էր» անվանել։
Մանրամասները՝ տեսանյութերում։