«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման որոշ ներկայացուցիչների ու աջակիցների՝ շուրջ մեկ ամիս իրավապահների մոտ գտնվող մեքենաների վրա գաղտնալսող սարքեր են տեղադրում, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իրավապահ համակարգում իր աղբյուրին։
Թերթի աղբյուրը նշել է, որ մեքենաները ոչ այնքան ստուգում են, որքան դրանց մեջ գաղտնալսող սարքեր են տեղադրում: Մի քանի օր «ստուգելուց» հետո կանչում են, մեքենան վերադարձնում տիրոջը, իսկ գաղտնալսումները հետագայում հայտնվում են իշխանական լրատվամիջոցներում։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը թերթին ասել է, որ ոչ միայն մեքենաների մեջ, այլև հեռախոսներում են տեղադրում սարքեր։
Հունիսի 21-ին ԶԼՄ-ն հայտնել էր, որ ԱԱԾ-ն ակտիվորեն լծվել է ընդդիմադիր շարքերը պառակտելու, նրանց իրար դեմ հանելու գործին։ Որպես օրինակ՝ թերթը բերել էր ՀՅԴ ԳՄ անդամ, այժմ կալանավորված Գերասիմ Վարդանյանի հեռախոսազրույցի ձայնագրությունն ինչ-որ մեկի հետ, որում նա վիրավորական արտահայտություններ է անում Բագրատ Սրբազանի, Սերժ Սարգսյանի, ընդդիմության այլ ներկայացուցիչների հասցեին։