Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ռուսաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին «վերադարձնելու» մասին իր հայտարարությամբ նվաստացրել է հայ ժողովրդին և «ցինիկաբար» զրոյացրել հայ զինվորականների սխրանքները, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գլխավորն այն է, որ նման գործիչները, լինելով իշխանության ներկայացուցիչներ, նվաստացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանեցին իրենց տարածքը, տվեցին իրենց կյանքը, և սա համարեցին պատմական նշանակություն։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է հենց այս թեզերի վրա»,- նշել է Զախարովան։
Նա ընդգծել է, որ Գրիգորյանի խոսքերն «առանց բժշկական կրթություն ունենալու» հնարավոր չէ մեկնաբանել։ Դիվանագետը նաև կասկած է հայտնել, թե նման հայտարարություն կարող է անել երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարը։
«Կցանկանայի վերադարձնել այն թեզը, որը հորինվել է այն կողմից. գուցե խոսքն ինչ-որ քարտուղարուհու մասի՞ն է»,- ասել է Զախարովան։
Ըստ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի՝ Գրիգորյանը «ոչ միայն անպատասխանատու է, այլ նսեմացնում է» իր ազգի պատմական հիշողությունը։
«Ո՞վ է իրավունք տվել մարդկանց, ակնհայտ ժամանակավոր աշխատողներին, ակնհայտորեն դրսից սնված, այսպես վիրավորել սեփական ժողովրդին։ Դե, հավանաբար, հայ ժողովուրդն ինքը պետք է պատասխանի այս հարցին»,- եզրափակել է դիվանագետը։
Այսօր ավելի վաղ Գրիգորյանը Ռուսաստանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու մեջ և ասել, որ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը, երբ ՀՀ-ն ամբողջովին կախված է եղել նրանից: Գրիգորյանն ավելացրել էր, որ առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ չէր լինի։
Մայիսի 22-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ճանաչում է ՀԱՊԿ առնվազն երկու երկրի, որոնք մասնակցել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի նախապատրաստմանը։ Նա հունիսի 13-ին ասել էր, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերի պատճառով ինքը «երբեք չի գնա Բելառուս»։