ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «բացահայտ սուտ է» որակել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, թե «Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը վերադարձրել է Ադրբեջանին»։
«Գրիգորյանի հայտարարությունները բացահայտ սուտ են։ Պարոն Գրիգորյանն ավելի մեծ ռուսատյաց է, քան իր գործատու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մի շարք դեպքերում նա հանրայնացնում է այն, ինչ կա իր շեֆի մտքում։ Տվյալ դեպքում՝ խոսքը բացահայտ ստի մասին է»,- «Ռիա Նովոստիի» փոխանցմամբ՝ ասել է Զատուլինը։
Նա նշել է, որ «Ղարաբաղը ոչ միայն պետք չէր Փաշինյանին, այլև ներքաղաքական առումով վնասակար էր»։
«Ուստի՝ նա նախընտրեց գնալ իր արևմտյան ընկերների հետևից: Նա ԼՂ-ում բարդ դրության մեջ է դրել Ռուսաստանի խաղաղապահ առաքելությանը։ Սա, ըստ ամենայնի, Արևմուտքի հետ նրա նոր բարեկամության պայմանն էր․ չէ՞ որ Արևմուտքին Ղարաբաղում ռուս խաղաղապահներ պետք չեն, ինչպես պետք չէ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, նաև ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գյումրիում։ Սրանք այն հարցերն են, որոնք ոչ մի կերպ չի թաքցնում Փաշինյանը, ինչպես նաև իր կողմնակիցները»,- եզրափակել է Զատուլինը։
Գրիգորյանը հունիսի 27-ին լրագրողներին հայտնել էր, որ «առանց Ռուսաստանի թույլտվության պատերազմ չէր լինի»։ «Ռուսաստանը վերցրեց Լեռնային Ղարաբաղը. դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ մենք ամբողջովին կախված էինք նրանցից»,- ասել էր ԱԽ քարտուղարը։