Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) իր բանաձևում հայտարարել է Հայաստանում «քաղաքական մթնոլորտի չափազանց բևեռացվածության մասին»։ Վեհաժողովը նաև ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման գործընթացի սկիզբը և կոչ է արել ազատ արձակել Բաքվի կողմից պահվող հայ ռազմագերիներին։
Ինչպես հայտնում է ԵԽԽՎ կայքը, վեհաժողովը միաձայն ընդունված բանաձևում, որը հիմնված է Հայաստանի պարտավորությունների մոնիթորինգի վերաբերյալ համազեկուցողներ Կիմմո Կիլյունենի (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգի (Շվեդիա) զեկույցի վրա, ողջունել է Հայաստանի իշխանությունների կողմից Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին համապատասխան իրականացվող ընտրական բարեփոխումները։
ԵԽԽՎ-ն համարել է, որ Հայաստանում իսկապես ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նպատակը «մեծ մասամբ իրականացվել է»։ Վեհաժողովը նաև նշել է Հայաստանի իշխանությունների շարունակական ջանքերը՝ ուղղված «Եվրախորհրդի հետ սերտ համագործակցությամբ դատական կառավարման համակարգը բարելավելու եվրոպական չափանիշներին» և բարձր է գնահատել «իշխանությունների իրական վճռականությունը համակարգային կոռուպցիայի դեմ պայքարում»:
Միևնույն ժամանակ՝ ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնել Հայաստանում «քաղաքական մթնոլորտի չափազանց բևեռացվածության» համար։ Վեհաժողովը կոչ է արել բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին երկխոսության մեջ մտնել խորհրդարանական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ, մասնավորապես՝ անկախ կոլեգիալ մարմիններում և հաստատություններում նշանակման ընթացակարգերն ապաքաղաքականացնելու նպատակով:
Որպես առաջընթաց 2022 թվականին Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձևի ընդունումից հետո՝ ԵԽԽՎ-ն կարևորել է տեղեկատվության և հանրային տեղեկատվության ազատության մասին նոր օրինագիծ ներկայացնելու որոշումը, զրպարտության քրեականացման վերացումը, 13-րդ արձանագրության վավերացումը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային՝ բոլոր հանգամանքներում մահապատժի վերացման, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների շարունակման վերաբերյալ։
Նշվում է, որ հաշվի առնելով այս ձեռքբերումները, հատկապես ընտրական օրենսդրության ոլորտում, ԵԽԽՎ-ն որոշել է շարունակել մոնիթորինգի ընթացակարգը՝ շեշտը դնելով արդարադատության համակարգի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության բարեփոխումների վրա։
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նշել է՝ բանաձևում հիշատակվում է, որ 2023թ. սեպտեմբերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են Լեռնային Ղարաբաղի՝ ռուսական խաղաղապահ ուժերի պաշտպանության ներքո գտնվող հատված։ Վախենալով հետևանքներից՝ բնակչության ճնշող մեծամասնությունը հաշված օրերի ընթացքում փախել է Հայաստան։ Վեհաժողովը ափսոսանք է հայտնել առ այն, որ տարածաշրջանի գրեթե ամբողջ հայ բնակչությունն՝ ավելի քան 100․600 անձ, ստիպված է եղել լքել իր նախնյաց հայրենիքն ու փախչել Հայաստան։
Նրա խոսքով՝ ԵԽԽՎ-ն ողջունել է նաև սահմանների սահմանազատման մեկնարկը՝ հիմնված Ալմա-Աթայի 1991թ. հռչակագրի վրա՝ ակնկալելով, որ գործընթացը կշարունակվի ամբողջ սահմանի երկայնքով:
Վեհաժողովը նշել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ներգրավված լինել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությանը համապատասխան։
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Վեհաժողովը լիակատար աջակցություն է հայտնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին։
Վեհաժողովը բարձր է գնահատել ինքնիշխանության, ազգային իրավասության, հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ ընդունված մոտեցումը: Այս համատեքստում Վեհաժողովը ողջունել է Հայաստանի կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։