Եվրամիությանն անդամակցելու արագության տեսանկյունից հանրաքվեն ոչինչ չի փոխում, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Նրա խոսքով՝ հանրաքվեն չի նշանակում, որ այդ ճանապարհով ավելի արագ է ՀՀ-ն դառնալու ԵՄ անդամ, քան մեկ այլ ճանապարհով։
«Մեր օրենսդրությունը և ԵՄ պրակտիկան ասում են, որ նման հանրաքվեներ անցկացվում են այն փուլում, երբ պետությունն արդեն դիմել է ԵՄ անդամ դառնալու համար, արդեն թեկնածու է դարձել, պաշտոնական խողովակներով տեղեկություն է գալիս, որ դառնալու է ԵՄ անդամ և պետք է պարտադիր իրավական ուժ ունեցող այդ մի համաձայնությունը»,- նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ դա կարող է լինել «անվտանգային բարձիկ»։ «Հանրաքվեն խոշոր տրամաչափի գործիք է և մենք պետք է հասկանանք, թե երբ ենք օգտագործում՝ սկզբո՞ւմ, թե՞ վերջում»,- ավելացրել է Եղոյանը։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ մշակել են և վերջնական ստորագրման են պատրաստում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր առաջնահերթությունները, որոնց մասին հայտարարվել է այս տարվա փետրվարին։
«Սա իր մեջ ներառում է ոլորտներ ու գործողություններ, որոնք առկա իրավապայմանագրային բազայից անդին են, այսինքն՝ քաղաքական հանձնառություն են ենթադրում, որը, եթե պահանջվի իրավական հանձնառության տեսքով ամրագրել, դա էլ հանգիստ կարող ենք անել»,- նշել է պատգամավորը։
Եղոյանը հավելել է, որ մի քանի ամսվա ընթացքում փաստաթուղթը վերջնական կհամաձայնեցվի և կստորագրվի։
Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ։ Հունիսի 21-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ իշխանությունները ԵՄ անդամակցության քողի տակ ցանկանում են Սահմանադրության փոփոխություններ անցկացնել։ Հունիսի 11-ին 4 կուսակցություն առաջարկել էր Եվրոպական միությանն անդամակցելու հարցով ՀՀ-ում 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե կազմակերպել։
Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։