Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի համատեղ ասուլիսի ժամանակ։
«Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը։ Թուրք գործընկերների հետ մեր երկխոսության արդյունքում մենք արդեն եկել ենք կոնկրետ պայմանավորվածությունների և նախանշել այն քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել լիարժեք կարգավորման համար։ Խոսքը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցող Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածության մասին է»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականի հուլիսի 1-ին Վիեննայում իրենց հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնավորություն ապահովել երրորդ երկրների քաղաքացիների համար։ Որոշել էին սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: 2023 թվականի մարտի 24-ին Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը և Անկարան հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ մինչ զբոսաշրջային սեզոնը բացել հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, ԱՄՆ-ում այդ երկրի նախկին դեսպան Սերդար Քըլըչը մարտի 2-ին հայտարարել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների համար թուրք-հայկական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա։ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը նույն օրը Reuters-ին հայտնել էր, որ հայկական կողմը կատարել է Թուրքիայի հետ սահմանի բացման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները` ներառյալ ենթակառուցվածքների վերանորոգումը և սպասում է Անկարայի պատասխանին։
ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հունիսի 11-ին հայտնել էր, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար հայ-թուրքական ցամաքային սահմանը բացելու պայմանավորվածության ուղղությամբ հայկական կողմը «Թուրքիայից քայլեր չի տեսնում»։