Հայաստանը ցանկանում է Եվրամիության մաս կազմել, կարծում եմ՝ մոտ ապագայում այդ հարցով հանրաքվե կունենանք, ու մեր ժողովուրդը ԵՄ անդամակցությանն «այո» կասի, Լատվիայի Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ես կարծում եմ՝ մոտ ապագայում կունենանք հանրաքվե, վստահ եմ, մեր ժողովուրդն «այո» կասի ԵՄ անդամ դառնալուն»,- ասել է նա։
Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանին երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար աջակցություն է անհրաժեշտ։
«Մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք մեր հարևանների նկատմամբ։ Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, Ադրբեջանի կառավարության՝ խաղաղություն հաստատելու ցանկությունն է։ Եվ դրանում մեզ անհրաժեշտ է և՛ Լատվիայի, և՛ եվրոպական մյուս գործընկերների օգնությունը։ Մենք կիսում ենք Լատվիայի և ԵՄ անդամների արժեքները, ուստի Եվրամիության ընտանիքի լիարժեք անդամ դառնալու համար մեզ աջակցություն է հարկավոր»,- հայտարարել է Սիմոնյանը։
Հունիսի 21-ին Հայաստանի խորհրդարանը լսումներ էր անցկացրել ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ։ Հունիսի 21-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ իշխանությունները ԵՄ անդամակցության քողի տակ ցանկանում են Սահմանադրության փոփոխություններ անցկացնել։ Հունիսի 11-ին 4 կուսակցություն առաջարկել էր ԵՄ-ին անդամակցելու հարցով ՀՀ-ում 3-4 ամսվա ընթացքում հանրաքվե կազմակերպել։
Փետրվարի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է դառնալ ԵՄ անդամակցության թեկնածու։ Մարտի 13-ին Եվրախորհրդարանը հավանություն էր տվել Հայաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը քննարկելու առաջարկին։ Մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենի Ժողովրդավարության գագաթնաժողովի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ցանկանում է այս տարի Հայաստանը տեսնել որպես Եվրամիության անդամ։