Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շատ լավ հասկանում ենք, որ եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը, ԱՄՆ ներկայացուցիչների պալատում՝ լսումների ժամանակ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։
«Խաղաղությունը չի վերաբերվում միայն Ադրբեջանին, որը հույս ունի դառնալ հարգված համաշխարհային առաջնորդ՝ ընդունելով կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողովները։ Սա ամբողջ տարածաշրջանի ու Կենտրոնական Ասիայի համար է կարևոր, որի բոլոր երկրները ներկայումս ապրանքներ են արտահանում միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով»,- ասել է նա։
Ըստ պաշտոնյայի՝ այլընտրանքային ճանապարհ ունենալու համար նրանք պետք է գնան Ադրբեջանով։
«Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը՝ ավելի լայն, որը շատ ավելի մեծ է, կարող է անցնել Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ Եվ այս առումով մեզ անհրաժեշտ է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր, որպեսզի վերջ դնենք պատերազմին և սարսափելի հակամարտությանը, որը գոյություն ունի 90-ականներից ի վեր»,- նշել է Օ՛ Բրայենը։
Հունիսի 21-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը և ընդգծել Հայաստանի հետ համաձայնագրի շուտափույթ կնքման անհրաժեշտությունը։
Հունիսի 7-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ պատրաստ է ինտենսիվ աշխատել համաձայնագրով չլուծված հարցերի պարզաբանման և մեկ ամսվա ընթացքում այն ստորագրելու ուղղությամբ։ Հունիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «անհնար էր» անվանել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության։