Մահմեդական աշխարհի բարեհաճությունը շահելու ժամանակն է, դա ռազմավարական նշանակություն ունի, հայտարարել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ Armenia Today-ի հետ զրույցում գնահատելով Հայաստանի կողմից Պաղեստինը որպես պետություն ճանաչելը։ Նա այս քայլը որակել է տրամաբանական։
«Եկել էր ժամանակը, երբ Հայաստանը պետք է պատասխաներ Իսրայելին այն հակահայկական, պրոադրբեջանական քաղաքականության համար, որը տևական ժամանակ է՝ հրեական պետությունը վարում է մեր երկրի հանդեպ։ Ճանաչումը, կարծում եմ, կապված է նաև Պաղեստինի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքը հարգելու հետ, ինչը խորթ չէ մեզ համար՝ հաշվի առնելով արցախահայության պայքարն անկախության համար»,- ասել է Բալասանյանը։
Փորձագետը խոսել է այն մասին, թե ինչպե՞ս կազդի Պաղեստինը ճանաչելու որոշումն արաբական երկրների և, ընդհանրապես, մահմեդական աշխարհի հետ Երևանի փոխգործակցության վրա, ինչպես նաև գնահատել որոշման ազդեցությամբ պայմանավորված հայ-իսրայելական հարաբերությունների ռիսկերը։ Այս համատեքստում Պաղեստինի ճանաչումը նա կապել է նաև աշխարհաքաղաքական պատճառների հետ։
«Սա հնարավորություն է վերականգնել այն հարաբերությունները, որոնք Իսրայելում հայկական դիվանագիտական ներկայացուցչություն բացելուց հետո սառեցվել կամ մի փոքր տուժել էին արաբական աշխարհի և Իրանի հետ։ Այս ճանաչումով հնարավորություն է ստեղծվում շահել մահմեդական աշխարհի բարեհաճությունը, ինչը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար»,- նշել է նա։
Միջազգայնագետի խոսքով՝ Պաղեստինը ճանաչելուց հետո Իսլամական համագործակցության կազմակերպությունում Ադրբեջանն ավելի զգուշորեն կարտահայտվի, նվազ վտանգավոր նախագծեր կներկայացնի, քան նախկինում։
Անդրադառնալով Իսրայելի արձագանքին՝ Բալասանյանը նշել է, որ հեռու է այն մտքից, թե հրեական պետությունը չի հասկացել Հայաստանի քայլը։
«Եթե Իսրայելը շարունակի հակահայկական քաղաքականությունը, ապա դիվանագիտական հարաբերությունների մակարդակը պետք է իջեցնել, անգամ դեսպանին հետ կանչել։ Իսկ եթե Իսրայելը նման կերպ շարունակի, դեսպանատունն ուղղակի պետք է փակվի, որը, մեծ հաշվով, մեզ ոչինչ չտվեց, բացի նրանից, որ լարեց հարաբերությունները մահմեդական երկրների և Իրանի հետ, ինչը չէր բխում մեր շահերից»,- հավելել է փորձագետը։
Բալասանյանը չի շրջանցել Իրանում այսօր տեղի ունեցող նախագահական ընտրությունների թեման։ Նա խոսել է այն մասին, թե այս ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կարող են ազդել Իրանի ներքին և արտաքին քաղաքականության վրա։
Հունիսի 21-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Երևանը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման «երկու պետություն» սկզբունքը։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը Հայաստանի քայլը «համարձակ և կարևոր որոշում» էր որակել։
Նա ընդգծել էր, որ ՀՀ ԱԳՆ հայտարարությունը «կարևորագույն քայլ է երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ճանապարհին»։ Երևանի կողմից Պաղեստինի ճանաչումը ողջունել էր նաև Թուրքիայի ԱԳՆ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում։