ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Պաղեստինը ճանաչելու Հայաստանի որոշումն անվանել է «քաջ և դրական»։ Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Իրանի սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է, որ նրանք չեն ճանաչում իսրայելական ռեժիմը։
«Մենք ողջունել ենք Հայաստանի որդեգրած դիրքորոշումը Պաղեստինի պետությունը ճանաչելու, ինչպես նաև Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում։ Այս քաջ և դրական քայլը ցույց է տալիս, որ միջազգային հանրությունն իսկապես կարևորում է Պաղեստինի ժողովրդին և դեմ է այն իրավունքների խախտմանը, որը դրսևորվում է Պաղեստինի ժողովրդի նկատմամբ սիոնիստական ռեժիմի կողմից»,- հայտարարել է նա՝ Պաղեստինի նկատմամբ Իսրայելի գործողությունները որակելով որպես հանցագործություն։
Իրանի դեսպանը կոչ է արել հրաժարվել Բաքվի և Երևանի միջև սպառնալից երկխոսության հռետորաբանությունից։ Այսպես է մեկնաբանել լրագրողի այն հարցը, թե ի՞նչ քայլ կարող է ակնկալել Հայաստանն Իրանից, եթե Ադրբեջանը, մասնավորապես՝ Սյունիքում, տարածքային ամբողջականությանն խախտմանն ուղղված քայլ անի։
«ՀՀ-ի հետ Իրանի համագործակցության ձևը կախված է ՀՀ կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա, այն, ինչ կբխի մեր երկու երկրերի շահերից, մենք բոլոր ոլորտներում կհամագործակցենք Հայաստանի հետ։ Ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ պայմանավորվածությունների և ընկալումների հիման վրա»,- ընդգծել է Սոբհանին։
Հունիսի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր Պաղեստինի պետությունը ճանաչելու մասին՝ կոչ անելով անհապաղ հրադադար հաստատել Գազայում։
Մայիսի 28-ին Նորվեգիան, Իռլանդիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչել էին Պաղեստին պետությունը։ Մայիսի 22-ին Նորվեգիայի, Իռլանդիայի և Իսպանիայի ղեկավարները հայտարարել էին Պաղեստինը ճանաչելու որոշման մասին։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Պաղեստինում զոհերի թիվը մայիսի 28-ի դրությամբ գերազանցում է 36 հազարը, իսրայելական բանակի տվյալներով՝ հարձակումից ի վեր շուրջ 1200 իսրայելցի զինծառայող է զոհվել։