ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն և Քրիս Սմիթն Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող և ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու երկկուսակցական բանաձևի նախագիծ են ներկայացրել, հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Կոնգրեսականներն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին հորդորել են ցեղասպանական ագրեսիայի համար Ադրբեջանին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկել։ Մասնավորապես՝ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարմանը և կիրառել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության կանոնադրական արգելքները՝ համաձայն «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի պահանջների:
Նախագծով Ադրբեջանի կողմից Արցախի ավելի քան 100․000 հայության բռնի տեղահանումը ճանաչել են որպես էթնիկ զտում։ Բանաձևով կոնգրեսականներն ԱՄՆ-ին նաև կոչ են արել նպաստել խաղաղության հաստատմանը, որը կապահովի հայ գերիների, այդ թվում՝ Արցախի քաղաքական առաջնորդների ազատ արձակումը, ինչպես նաև կերաշխավորվի հայերի իրավունքը՝ անվտանգության համապատասխան երաշխիքներով վերադառնալու իրենց տները։
«Անցյալ տարի Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումը բերեց էթնիկ հայկական համայնքի ոչնչացմանը։ Ադրբեջանի գործողությունները համապատասխանում են էթնիկ զտումների բոլոր սահմանումներին և, որպես այդպիսին, պետք է դատապարտվեն: Մեր բանաձևը հստակ արձանագրում է հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունները, նախանշում է այն կարևոր քայլերը, որոնք ԱՄՆ-ն պետք է ձեռնարկի հանուն արդարադատության և Ադրբեջանին, կատարված հանցագործությունների համար, պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»,- հայտարարել է Էշուն։
Սմիթն, իր հերթին, նկատել է, որ Ադրբեջանի կողմից ԼՂ-ում ապրող հայերի նկատմամբ իրականացված սարսափելի վայրագությունները և էթնիկ զտումները չեն ջնջում հայերի՝ իրենց հինավուրց հայրենիքում ապրելու իրավունքը։
«Մեր երկկուսակցական օրենսդրությունը կոչ է անում Բայդենի վարչակազմին ակտիվորեն աջակցել հայերի իրավունքներին՝ ընդդեմ Ադրբեջանի կառավարության շարունակական հանցագործությունների՝ իր անողոք բռնապետ Իլհամ Ալիևի առաջնորդությամբ»,- նշել է Սմիթը։
2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական ագրեսիայի հետևանքով զոհվել է 223, վիրավորվել՝ 244 մարդ, գերեվարվել են 17-ը, անհետ կորել՝ 20-ը։ Սեպտեմբերի 29-ին Արցախի ՆԳՆ-ն հայտնել էր, որ փրկարարներն Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի վայրից 170 աճյուն և մասունք են հայտնաբերել: ԼՂ-ից բռնի տեղահանված 100․632 քաղաքացի է ժամանել ՀՀ։