Յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է պահպանել մարտունակ զինված ուժեր՝ հագեցած ժամանակակից ռազմական միջոցներով, Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի շուրջ Ռուսաստանի և Ադրբեջանի արձագանքին ի պատասխան հայտարարել են ԵԽ պատգամավորները։
Ըստ հայտարարության՝ երկու երկրներն էլ Ֆրանսիային մեղադրել են Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտություն հրահրելու մեջ, ինչը նրանք որակել են երկու երկրների միջև որոշակի դավադրության փաստ, որը հանգեցրել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 140 000 հայերի էթնիկական զտումների:
«Այս դավադրությունը շարունակվում է, Եվրահանձնաժողովը և ԵՄ-ն փակում են իրենց աչքերը դրա վրա»,- ասված է հայտարարության մեջ:
Պատգամավորները զարմանք են հայտնել, որ ավտորիտար և «ագրեսոր երկրները» դատապարտում են ԵՄ անդամ երկրներին, ինչպիսին Ֆրանսիան է, «ձգտելով օգտագործել առկա տարաձայնությունները, հակասությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես սեփական պատեհապաշտ նպատակներին հասնելու գործիք»:
«Սա ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել Եվրամիության կողմից, և վաղուց ժամանակն է պատժամիջոցներ կիրառել բռնապետական Ալիևի ռեժիմի դեմ՝ տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը խաթարող նրա ապակառուցողական գործողությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Հունիսի 19-ին հայտնի էր դարձել, որ Ֆրանսիան Հայաստանին 36 CAESAR թնդանոթ կմատակարարի իր պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Ինքնագնաց հրետանային կայանքները Հայաստան կհասցվեն 15 ամսվա ընթացքում։
Հունիսի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ քննարկել է երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությունը։ Այցի շրջանակում ՀՀ ՊՆ-ի և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել էր ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։
2023 թվականի հոկտեմբերին Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական համագործակցության փաստաթղթեր էին ստորագրել և պաշտպանական համալիրների մատակարարման պայմանավորվածություն էին ձեռք բերել։ 2023-ի դեկտեմբերին Ֆրանսիայի Սենատի կոմիտեն երկրի իշխանություններին խորհուրդ էր տվել դիտարկել Հայաստանին CAESAR հրետանային կայանքների մատակարարման հարցը։ Հայտարարել էին նաև «Միստրալ» հրթիռների մատակարարման շուրջ բանակցություններ մասին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության շրջանակներում Հայաստանի խնդիրը տարածաշրջանում «ճիշտ բալանս» ձևավորելն է: 2024-ի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել էր, որ Ֆրանսիան Հայաստանում ռազմական խորհրդատու կունենա։