ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ քննարկել է երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ, անդրադարձ կատարել տարածաշրջանային թեմաների:
Միրզոյանն ու Կուլեբան կարևորել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները և տարբեր ձևաչափերում պարբերական շփումները:
«Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հանդիպումը տեղի է ունեցել Խորվաթիայում՝ Դուբրովնիկի ֆորումի շրջանակներում:
Մայիսի 2-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ-ի և Ուկրաինայի ԱԳ նախարարները պայմանավորվել էին քաղաքական խորհրդակցություններ անցկացնել։
2023 թվականի հոկտեմբերի 5-ին Իսպանիայի Գրանադա քաղաքում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին հանդիպումն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Դեկտեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել էր Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Դեկտեմբերին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը Բուենոս Այրեսում հանդիպել էր Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել Երևանի և Կիևի երկկողմ հարաբերությունները։