ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կայացել է Դուբրովնիկի ֆորումի շրջանականերում:
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգռված գործընկերների արժեքահեն մոտեցումների նշանակությունը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Ըստ ԱԳՆ-ի՝ կողմերն ընդգծել են ուժի կիրառման միջոցով խնդիրների կարգավորման գործելակերպի համընդհանուր բացասական հետևանքները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հարգման անհրաժեշտությունը:
Քննարկվել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգային հարցեր, հարաբերությունների էական խորացմանը միտված քայլերն ու դրական հեռանկարները: Ընդգծվել է առկա մեխանիզմների արդյունավետ կիրառման միջոցով ՀՀ դիմակայունության ամրապնդման, մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությունը:
Դուբրովնիկի Ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ էր ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Միրզոյանն Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբայի հետ քննարկել էր երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր։