Ադրբեջանական բանտերից քաղբանտարկյալների ազատումը երկարատև գործընթաց է, որն ԱՄՆ-ից մշտական համագործակցություն կպահանջի, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանտ Պատելը։
Նա այսպես է մեկնաբանել ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների շփումներն ադրբեջանցի քաղաքական գործիչների հետ, քաղբանտարկյալների հարցում արդյունքի բացակայությունը։ Պատելը չի հստակեցրել, թե խոսքը միայն ադրբեջանցի՞ գերիների, թե՞ նաև Բաքվում ապօրինաբար ձերբակալված Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների մասին է։
«Ես ակնկալում եմ, որ պետքարտուղարը, նրա օգնական Օ’Բրայենը և մյուսները կշարունակեն կենտրոնանալ դրա վրա»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ապրիլին կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստ Գուբադ Իբադօղլուին և «Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորված բոլոր անձանց»։ Հունիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում բանակցություններ էր վարել նաև Ալիևի և երկրի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Reuters-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է պահել հարյուրից ավելի քաղբանտարկյալների։ Բաքվի բանտերում են նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԳՆ նախկին ղեկավար Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը։