Այն ապացույցները, որոնց հիման վրա ինձ մեղադրանք է ներկայացվել, չեն համապատասխանում նվազագույն ստանդարտներին, «Ազատության»-ն ասել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ նրա՝ այն գործը, որ հարուցվել է իր դեմ, ըստ էության «սարքած է»։
«Այն ապացույցները, որտեղից կարող է բխել, որ ամեն ինչ օրենքով է, այդ ապացույցների վրայով հպանցիկ թռչում են։ Այնտեղ, որտեղ ինչ-որ շանս կա խորանալու, քննիչները լավ խորանում են։ Այստեղ ճշմարտությունը բացահայտելու մասին չէ խոսքը, դա շատ լավ երևում է տեսանյութերից»,- ասել է նախկին նախարարը:
Նա մեկնաբանել է իր ավելի վաղ արված հայտարարությունը, թե գործը կապված է Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արմեն Աբազյանի խնդրանքները մի քանի դրվագներով չկատարելու հետ:
«Քանի որ ես իմ աշխատանքի ընթացքում սկզբունքային էի, հետևաբար՝ ստացվել այնպես, որ շատ մարդկանց հետ ստեղծվել է կոնֆլիկտային իրավիճակ, չնայած ես ինքս շատ լավ կարողանում եմ մարդկանց հետ աշխատել, լեզու գտնել։ Բայց լինում է իրավիճակ, երբ հարկավոր է, օրինակ, ինչ-որ մեկին աշխատանքից ազատել և նրա փոխարեն նոր մարդ նշանակել, դա հակասում է իմ խղճին»,- պարզաբանել է Քերոբյանը:
Քերոբյանը հրաժարական էր տվել փետրվարի 14-ին՝ նախարարությունում կատարված խուզարկություններից և ՔԿ-ի կողմից գնումների գործընթացում չարաշահումների վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո։ Փետրվարի 15-ին նախկին նախարարի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը երկու ամսով տնային կալանքի էր ենթարկել Էկոնոմիկայի նախկին նախարարին, իսկ ապրիլի 12-ին դատարանը երկու ամսով երկարաձգել էր Քերոբյանի տնային կալանքի ժամկետը։
Ըստ ՔԿ-ի՝ Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով Քննչական կոմիտեն մեղադրանքներ էր առաջադրել 8 անձի, որոնցից 5-ը ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են, 3-ը՝ առևտրային ընկերության ներկայացուցիչներ: Գործով անցնող Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի նկատմամբ դատարանը տնային կալանք էր կիրառել։