ԵՄ-ի հետ գործընկերությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության դիմակայունությունը, հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ Արևելյան գործընկերությունը «հաջողված է, և այն դրական բազմաթիվ արդյունքներ ունի», սակայն մոտեցումը յուրաքանչյուր անդամ-երկրին պետք է լինի անհատական։
«15 տարի առաջ, երբ Արևելյան գործընկերությունն ստեղծվում էր, հիմնականում հետխորհրդային երկրներն ավելի շատ իրար նման էին, բայց 15 տարիների ընթացքում մեծ փոփոխություններ են կրել, և երևի այն հիմնական պահանջն այն է, որ անհատական մոտեցում լինի բոլոր այս անդամ-երկրներին»,- նշել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ դիվերսիֆիկացիան շատ կարևոր է ՀՀ-ի դիմակայության համար՝ թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային առումով, իսկ ժողովրդավարությունը միանշանակ բարձրացնում է Հայաստանի դիմակայունությունը։
«Ժողովրդավարությունն այն հիմնական գործիքներից մեկն է, որոնցով Հայաստանը կարողանում է դիմակայել իր սպառնալիքներին։ Ժողովրդավարությունը շատ կարևոր է նաև ներքին անվտանգության տեսանկյունից։ Մենք համոզված ենք, որ ժողովրդավարությունն օգնում է ներքին անվտանգության, տնտեսության զարգացման, ժողովրդավարացման, կոռուպցիայի դեմ պայքարում, և սրանք, իրենց հերթին, բերում են մեծ արդյունքներ»,- նշել է նա։
Գրիգորյանի խոսքով՝ ԵՄ անդամ-երկրների ու Բրյուսելի հետ կապը բարելավելու իմաստով Արևելյան գործընկերությունն իր մեծ դերն ունի։ Այս կոնտեքստում Գրիգորյանը շեշտել է խաղաղության կարևորությունը տարածաշրջանում։
«Խաղաղությունը նոր հնարավորություն է բացում ՀՀ-ի համար, և մենք շարունակելու ենք աշխատել խաղաղության օրակարգի շուրջ»,- ասել է նա։