ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը՝ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորությամբ, ժամանել է Հայաստան, հայտնում են Երևանում Միացյալ Նահանգների դեսպանությունից։
Պատվիրակության կազմում են ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի անդամ Ջո Ուիլսոնը, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը, ԱՄՆ սենատոր Ջոն Քորնինը, ինչպես նաև ԱՄՆ կոնգրեսականներ Ռոբերտ Ադերհոլտը, Ռիչարդ Հադսոնը, Թրենտ Քելլին և Էնդի Հարիսը։
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման բնույթից և ընդգծել Երևանում անցկացված Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության նիստի անցկացման կարևորությունը։
«Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ-ն արդյունավետ աջակցությունն է ցուցաբերում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղմանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության համար ժողովրդավարության զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ ուղղություններով կապերի ընդլայնումն ու խորացումը, և այդ առումով ընդգծել միջկառավարական ու միջխորհրդարանական ակտիվ երկխոսության անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Ըստ գերատեսչության՝ մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ տեղի ունեցող քննարկումների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Հուլիսի 2-ին հայտնել էինք, որ ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։ Պատվիրակությանն ընդունելու մասին համապատասխան կարգադրություն էր ստորագրել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։