Մոսկվան շարունակում է Երևանին իր դաշնակիցը համարել, իսկ երկու երկրների տնտեսական համագործակցությունը նկատելի աճ է գրանցում, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Այսպես է նա պատասխանել Երևանի հետ համագործակցությանը վերաբերող հարցին՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի և Ադրբեջանի հրավերի համատեքստում։
«Հայաստանը մեր դաշնակիցն է, ապրանքաշրջանառությունը կազմում է 7,3 մլրդ դոլար, և եթե նայենք վիճակագրությանը, ապա այն նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է։ Տեմպերը լավ են, տնտեսությունը շատ լավ է զարգանում»,- ասել է նա՝ հիշեցնելով նաև Հայաստանի ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ-ին։
Հունիսի 28-ին ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Հայաստանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կանցկացվի հուլիսի 9-11-ը։