Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվում է մասնակցել Մինսկի շքերթին, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Բելառուսը Հայաստանին հրավիրել է մասնակցելու նացիստական զավթիչներից Բելառուսի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
«Սակայն հեռահար, սուբյեկտիվ պատճառներով՝ այս երկրի շքերթի ջոկատները չեկան։ Թեև հայ ժողովրդի պապերն ու նախապապերը մասնակցել են Բելառուսի, Խորհրդային Միության ազատագրմանը, Հայրենական մեծ պատերազմին»,- ասել է Վոլֆովիչը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք հրավեր ուղարկվե՞լ է հայկական կողմին։
Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարը վստահեցրել է, որ քանի դեռ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, հրավիրված է կազմակերպության բոլոր միջոցառումներին։ Այս առումով, նրա կարծիքով, «խոսուն է» Բրեստի ամրոցի օրինակը, երբ պատերազմի առաջին իսկ օրերին ամրոցը պաշտպանելու համար 34 ազգություններ ոտքի էին կանգնել։
«Այնուհետև տարբերություն չդրեցին՝ հայ ես, թե՞ ադրբեջանցի, ռուս, բելառուս, թե՞ ուկրաինացի։ Մեր պապերն ու նախապապերը միասին են դիմադրել, հետո առաջին սյուները դրել Մեծ հաղթանակի հիմքում»,- եզրափակել է Վոլֆովիչը։
Մինսկում Անկախության օրվա շքերթի մասնակիցների թվում էին մի շարք երկրներ՝ Ռուսաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Չինաստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից և այլն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին ասել էր, որ եթե Բելառուսը դուրս գա ՀԱՊԿ-ից, Երևանը կարող է փոխել իր վերաբերմունքը կազմակերպության նկատմամբ։ Նա նաև պահանջել էր, որպեսզի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներողություն խնդրի հայ ժողովրդից՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին սատարելու խոսքերի համար։ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը «երբեք չի գնա Բելառուս», քանի դեռ այնտեղ նախագահը Լուկաշենկոն է։ Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանը հրավիրվել էր Երևան՝ խորհրդակցությունների։ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ էր կանչել Հայաստանում իր դեսպանին։