Հայաստանը մեծապես կարևորում է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում Միացյալ Նահանգների դերը և խորապես գնահատում է ԱՄՆ-ի աջակցությունը ՀՀ-ի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, ասված է ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված շնորհավորական ուղերձում:
Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ-ԱՄՆ շարունակական ու ամրապնդվող գործընկերությունը կնպաստի խաղաղ և ավելի բարեկեցիկ ապագայի կերտմանը` երկու երկրների և տարածաշրջանի համար։
«Ուրախ եմ արձանագրել, որ ժողովրդավարական բարեփոխումների, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանման, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, անվտանգային համագործակցության և այլ ոլորտներում մեր փոխգործակցության հետագա ընդլայնման հանձնառությունն արտացոլվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական երկխոսությունը ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու տեսլականում»,- ասված է Հայաստանի վարչապետի ուղերձում։
Նա նաև մաղթել է ԱՄՆ-ի բարեկամ ժողովրդին խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց: