Կառավարությունը սոցիալական աջակցություն և փոխհատուցում կտրամադրի Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 25-26-ին տեղի ունեցած հեղեղումների հետևանքով տուժած ընտանիքներին: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 4-ի նիստին։
Ինչպես կառավարության նիստի ժամանակ ասաց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, փոխհատուցման դիմումներն ընդունվելու են հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը՝ մարզպետարաններում։
Ըստ նախագծի՝ միանվագ սոցիալական աջակցություն կտրամադրվի շուրջ 250 ընտանիքի 854 ներկայացուցչի։
Չորս զոհերի ընտանիքներին աջակցությունը կկազմի 1 000 000 դրամ։
Լոռու Ալավերդի համայնքի և Տավուշի Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում (գտնվում է հեղեղման առաջին բարձր ռիսկային գոտում) ընտանիքի յուրաքանչյուր ներկայացուցչի կտրամադրվի 60 000 դրամ։
Լոռու Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ ընտանիքի յուրաքանչյուր ներկայացուցչի կտրամադրվի 40 000 դրամ։
Տուժած մարզերի 9 համայնքում շուրջ 1000 ֆիզիկական անձի և 251 օբյեկտի աղետի հետևանքով պատճառված վնասների փոխհատուցում կիրականացվի։
Բնակելի տարածքին պատճառված վնասի դեպքում ֆիզիկական անձինք վերանորոգման համար ստանում են փոխհատուցում մինչև 80 քառակուսի մետր ընդհանուր մակերեսի համար։
Յուրաքանչյուր քառակուսի մետրի համար Ալավերդիի և Նոյեմբերյան համայնքի Այրում բնակավայրի դեպքում փոխհատուցվում է 60 հազար դրամ, իսկ Լոռու մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերի և Դիլիջան ու Իջևան համայնքների դեպքում՝ 40 հազար դրամ։
Գումարների տրամադրման համար կգործի քարտային համակարգ։ Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դա նախ և առաջ որոշակի վերահսկողություն կսահմանի։
«Որոշակի վերահսկողություն կունենանք, որ գումարներն ինչ-որ ձևով նպատակային են ծախսվում, որպեսզի մեր տրամադրած գումարն իր նպատակին ծառայի»,- ասաց նա։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ոչ բոլոր տուժած բնակարաններն են պատշաճ փաստաթղթավորված, ինչն ուսումնասիրության կարիք ունի։
«263-ի մասին ամբողջական ինֆորմացիա ունենք, միակ խնդիրն այն է, որ 33-ի սեփականության հետ կապված խնդիր կա, մեր կարգավորումներով պետք է դեռ աշխատենք, հասկանանք․ սեփականության իրավունքի ուղղությամբ և այլ հարցեր կան»,- ասաց նա։
Փաշինյանն, իր հերթին, նշեց, որ կառավարության մտահոգությունն այն է, որ գումարը սխալ հասցեատիրոջ չհասնի։ Գումարը հատկացված է բոլոր տուժած բնակարաններին, մնում է պարզել՝ ով է հասցեատերը, ասաց նա։
Վարչապետը հավելեց, որ գումարների հետագծելությունը պարզելու համար նախագծով պայման է դրված հատկացված գումարի 60%-ը ծախսել անկանխիկ եղանակով։
«Պայման ենք դնում, որ գումարի 60%-ը ծախսեն անկանխիկ եղանակով, իսկ 40%-ը կարող են նաև կանխիկացնել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։