Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պահանջներ է ներդրել էլեկտրաէներգիայի հաճախակի ընդհատումների շուրջ։
Մասնավորապես, քաղաքային համայնքի սպառողների համար ամսական թույլատրվում է 10 ընդհատում, գյուղական համայնքի և մնացած բոլոր այլ սպառողների համար՝ 15 ընդհատում, ասված է հաղորդագրության մեջ։
Բարձրացվել է նաև վթարային ընդհատման դեպքերում կանոններով նախատեսված էլեկտրամատակարարման վերականգնման ժամկետների կրկնակին գերազանցելու փոխհատուցման չափը։
Նախկինում հաստատվել էր, որ եթե էլեկտրաէներգիայի մատակարարման պատասխանատուները չափաքանակները գերազանցի, ապա սպառողին կվճարվի տույժ՝ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամ։
Այժմ կրկնակին գերազանցելու դեպքերում՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողին կվճարվի տույժ սպառված էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 3500 դրամը:
Նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունվարի 1-ից։
ՀԷՑ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը փետրվարի 14-ին հայտարարել էր էլեկտրաէներգիայի անջատումների նվազման, վերջին 7 տարում 680 մլն դոլար նեդրումների մասին։
«Արմենիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը հայտնել էր, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է 3 տարում Երևանի կենտրոնում էլեկտրական ցանցի նոր համակարգ ձևավորել ու լուծել անջատումների խնդիրը։