Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերականգնել համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ) հետ, հայտնում է ԵԽԽՎ մամուլի ծառայությունը։
«Շատ եմ ափսոսում Ադրբեջանի իշխանությունների՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի հետ համագործակցելուց հրաժարվելու համար, որը հանգեցրեց ԽԿԿ ծրագրված այցի աննախադեպ չեղարկմանը։ Ինձ անհանգստացրել են նաև ԽԿԿ-ի Ադրբեջան կատարած հատուկ այցի վերաբերյալ զեկույցի եզրակացությունները»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսոպուլոսը Բաքվին կոչ է արել վերանայել իր վերաբերմունքը ԽԿԿ-ի նկատմամբ և ընդգծել կոմիտեի հետ համագործակցության կարևորությունը՝ կալանավորների նկատմամբ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի ցանկացած ձև կանխելու համար:
«Համոզված եմ՝ Ադրբեջանի և նրա ժողովրդի լավագույն շահերից է բխում սերտ և արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի բոլոր մարմինների հետ և այս համագործակցությունից օգուտ քաղելը՝ որպես մեր անդամ երկրներից մեկը»,- եզրափակել է նա։
Հունիսի 14-ին Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները հայտարարել էին, որ նա Բաքվի բանտում խոշտանգումների է ենթարկվել։ Հուլիսի 3-ին Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն զեկուցել էր Ադրբեջանի իշխանությունների՝ ԽԿԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին։ Կոմիտեն հրապարակել էր նաև 2022 թվականին Ադրբեջան կատարած հատուկ այցի վերաբերյալ զեկույց, որին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի, Բաքուն համապատասխան համաձայնություն չէր տվել։