Երևանի քաղաքապետարանի՝ հունիսի 24-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից Արաբկիր վարչական շրջանի թաղապետ Արամ Ազատյանի հասցեին գովեստի խոսքեր հնչեցնելուց մեկ օր անց իրավապահները նրան ձերբակալել են, գրել է «Ժողովուրդ»-ը։
Լրատվամիջոցը սա կապել է Ավինյանի շուրջ «օղակը սեղմելու» հետ՝ նրա մտերիմների դեմ քրեական գործեր հարուցելով: Ըստ թերթի՝ իշխանություններին դուր չի գալիս Ավինյանի լռությունը սահամազատման գործընթացի շուրջ։
«ՔՊ-ականները՝ հատկապես քաղաքապետարանում աշխատող, դավեր են նյութել վարչությունում, թե թիմի ներսում թիմ են ձևավորում․ պետք է ՔՊ-ն լինի միատարր, միահեծան ու բոլորը երկրպագեն բացառապես Նիկոլ Փաշինյանին, չունենան սեփական կարծիք»,- գրել է թերթը:
Ավինյանը թերթին մեկնաբանել է կատարվածը և հայտարարել, որ իր համար անընդունելի է օրենքից դուրս ցանկացած գործողություն՝ անկախ նրանից, թե ով է դա արել։
«Օրենքից դուրս ցանկացած գործողություն ընդունելի չէ։ Նման արարքները որևէ տրամաբանության մեջ ընկալելի չեն։ Այսինքն՝ կապ չունի, թե ով է իրականացրել այդ արարքը, ինչ շրջանակ է իրենից ենթադրում»,- ասել է Ավինյանը։
Հուլիսի 3-ին քննիչները խուզարկություններ էին կատարել Երևանի Արաբկիր համայնքի վարչական շենքում, ձերբակալել մի խումբ աշխատակիցների։ Հուլիսի 4-ին դատարանը տնային կալանքի էր ենթարկել Ազատյանին և 30 մլն դրամ գրավ կիրառել: