Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին: Այս մասին նա հայտարարել է Սահմանադրության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:
Նա շեշտել է, որ ՀՀ-ին հարկավոր է նոր Սահմանադրություն՝ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության իմաստով։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը կարտացոլի քաղաքացիների պատկերացումներն իր ստեղծած պետության և նրա հետ հարաբերությունների մասին։ Փաշինյանը վստահեցրել է նոր Սահմանադրության անհրաժեշտությունը, «որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ»։
«ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում»,- ասված է վարչապետ ուղերձում։
Նրա կարծիքով՝ Սահմանադրության վերանայումը պետության անձեռնմխելիության ամրապնդման տարրերից մեկն է։
«Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունն ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը»,- նշել է նա:
Փաշինյանը հավելել է, որ Սահմանադրության փոփոխության հարցը սրվել է 2018 թվականի ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո, երբ Հայաստանում ժողովուրդը դարձել է ինքնիշխան և այդպես է ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո, որ ստեղծել է խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտ գործող Սահմանադրության և ժողովրդի իրական ընկալման միջև։
Ամեն տարի հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը։ 1995 թվականի այս օրը Սահմանադրության նախագիծը ներկայացվել էր համապետական հանրաքվեի և հաստատվել Հայաստանի ժողովրդի կողմից։