Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխությունն անվանել է Երևանի իրավասությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Պետության իրավասությունն է որոշել կոնկրետ երկրում դեսպանի թեկնածությունը։ Այս դեպքում, ինչպես հասկանում եմ, խոսքը գնում է Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին։ Նման հարցերի համար ընթացակարգեր են սահմանվել և դրանք, ինչպես հասկանում եմ, կիրականացվեն»,- ասել է Գալուզինը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին հայտարարել է, որ Հայաստանը շուտով Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան կունենա։ Նա այսպես էր մեկնաբանել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի այցը ՌԴ մի շարք շրջաններ, որոնք տուժել էին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից և նրա խոսքերը, որ «երկրների (ՀՀ-ի և ՌԴ-ի) հարաբերությունները չեն որոշվում առանձին մարդկանց հայտարարություններով»։