Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Ուղերձում ասվում է, որ ՀՀ կառավարության և ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեն եղբայրական Իրանի հետ հարաբերությունները, որոնք անշեղորեն զարգանում են Հայաստանի անկախության հռչակումից ի վեր:
Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների շարունակական խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ տարածաշրջանային կայունության և բարգավաճման համատեքստում:
«Համոզված եմ, որ մեր կառավարությունների համատեղ ջանքերի շնորհիվ կյանքի կկոչվեն Հայաստանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև համատեղ ուժերով ձեռնամուխ կլինենք մի շարք նոր ծրագրերի՝ հանուն Հայաստանի և Իրանի բարեկամական ժողովուրդների բարօրության»,- ասված է ուղերձում:
Հուլիսի 6-ին ձայների հաշվարկից հետո հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Առողջապահության նախկին նախարար և ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը։ Փեզեշքիանն ստացել է 16,4 միլիոն իրանցիների աջակցությունը։ Նրա մրցակից, պահպանողական Սայիդ Ջալիլին հավաքել է 13,5 միլիոն ձայն։
Հունիսի 28-ին Իրանում սկսվել էին նախագահական արտահերթ ընտրությունները։ Ռեֆորմիստը հաղթել էր նաև ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով 10,4 միլիոն ձայն՝ Ջալիլիի 9,4 միլիոնի դիմաց։ Սակայն հետո նա չէր կարողացել ստանալ ընտրողների ավելի քան 50%-ի աջակցությունը։ Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով այս պաշտոնն զբաղեցնող Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։