Անկարան դժգոհ է մի շարք արևմտյան երկրների դիրքորոշումից՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Շուշիում անցկացվող Թուրքական պետությունների կազմակերպությանը մասնակցող երկրների արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։
«Մեզ չի բավարարում արևմտյան որոշ երկրների անհավասարակշիռ վերաբերմունքը, որոնք բացահայտ նախապատվությունը տալիս են Հայաստանին և անտեսում Ադրբեջանի մտահոգությունները։ Մենք՝ որպես թյուրքական աշխարհ, ցանկանում ենք, որ այս գործընթացը հանգեցնի հաջողության»,- նրա խոսքերը մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Միևնույն ժամանակ՝ թուրք նախարարը կարծում է, որ «պատմական հնարավորություն է ստեղծվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար», ինչը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի անվտանգության և միջազգային լոգիստիկ կարողությունների վրա։
Հունիսի 28-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենն ասել էր, որ Երևանի և Բաքվի միջև հնարավոր համագործակցությունը «կբարելավի և՛ անվտանգության ոլորտում համագործակցությունը հարևանների հետ, և՛ պայմաններ կստեղծի Կենտրոնական Ասիայից և Ադրբեջանից Վրաստանով և Հայաստանով համաշխարհային շուկաներ ապրանքներ փոխադրելու համար»։
Հուլիսի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրն «ահռելի հնարավորություններ» կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի համար։ Հուլիսի 5-ին ամերիկացի սենատոր Ռոջեր Ուիքերը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանների բացման հարցում Հայաստանին աջակցելու մասին։
Վրաստանի խորհրդարանի առաջին նիստին ընդառաջ փակել են նրա շենքի ծառայողական մուտքեր տանող փողոցները
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներն ամբողջությամբ փակել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի ծառայողական մուտքեր տանող փողոցները, հայտնել է ՏԱՍՍ-ի թբիլիսյան թղթակիցը։ ՆԳՆ աշխատակիցները,...