Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում ներկա է գտնվել Բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին՝ տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Բանակային խաղերն անցկացվում են երկրորդ տարին անընդմեջ, դրանք մեկնարկել են հունիսի 30-ից։
Մրցումներին մասնակցել է 18 թիմ տարբեր գերատեսչություններից՝ ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական պահպանության ծառայության հավաքական թիմերը, որոնցում ներգրավված են նաև կին ծառայողներ:
Գերատեսչության փոխանցմամբ՝ մարտական փոխանցումավազքի մրցումներում հաղթող է ճանաչվել և զբաղեցրել առաջին տեղը ՊՆ ռազմական ակադեմիայի թիմը, երկրորդ տեղն զբաղեցրել է ՊՆ երրորդ բանակային կորպուսի, իսկ երրորդը հորիզոնականը՝ Հատուկ բանակային կորպուսի թիմը: Բանակային խաղերի ընդհանուր մրցումներում կրկին առաջին երկու հորիզոնականն զբաղեցրել են ՊՆ ռազմական ակադեմիայի և ՊՆ երրորդ բանակային կորպուսի թիմերը, իսկ երրորդ հորիզոնականն զբաղեցրել է Պետական պահպանության ծառայության թիմը:
«Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցումների մասնակիցներին Բանակային խաղերին մասնակցության համար և ընդգծել, որ ցանկացած ծառայության մեջ ֆիզիկական պատրաստվածությունը կարևոր բաղադրիչ է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցումները լրացուցիչ հնարավորություն են՝ առողջ ապրելակերպի նկատմամբ ևս մեկ անգամ ուշադրություն գրավելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կառավարությունից նշում են, որ առաջին օրը մրցումներն անցկացվել են «Կողմնորոշում» մրցաձևից: Մրցավարները հետևել են մասնակիցների գործողություններին, գնահատել նրանց արագությունը, ճշգրտությունը: Բանակային խաղերի շրջանակում անցկացվել են նաև տարբեր զենքերից հրաձգության, քառամարտի, ռազմականացված կրոսավազքի և փոխանցումավազքի մրցումներ:
Ռազմականացված քառամարտ, ռազմականացված կրոսավազք, կողմնորոշում, հրաձգություն «ԱԿ 103» ինքնաձիգից, հրաձգություն «ՊՄ» ատրճանակից, հրաձգություն «ԴԴՀ» հրացանից մրցաձևերում ընդհանուր հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և դրամական պարգևավճարով․ 1-ին տեղ՝ 1 000 000 դրամ, 2-րդ տեղ՝ 500 000 դրամ, 3-րդ տեղ՝ 300 000 դրամ, 1-ին տեղ գրաված թիմը՝ գավաթով:
Ռազմականացված կրոսավազքի փոխանցումավազքի մրցանակակիրները կպարգևատրվեն մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևավճարով․ 1-ին տեղ՝ 300 000 դրամ, 2-րդ տեղ՝ 200 000 դրամ, 3-րդ տեղ՝ 150 000 դրամ, ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկի արդյունքում մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն համապատասխան կարգի հավաստագրերով և գավաթով»,- ասված է հաղորդագրության մեջ: