Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթած Մասուդ Փեզեշքիանն «իրականում թուրք է», ոչ թե ադրբեջանցի, տեղեկացրել է РИА Новости-ն։
Ըստ կայքի՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ նոր նախագահի օրոք ակնկալում է հարաբերությունների զարգացում Իսլամական հանրապետության հետ։
«Մասուդ Փեզեշքիանն իրականում ադրբեջանական ծագումով թուրք է, օրինակ՝ Թավրիզում թուրքերեն է խոսում, բայց երբ գնում է քրդաբնակ շրջաններ, այնտեղ էլ կարող է քրդերեն խոսել։ Երբ վերադառնանք, կկապնեմ նրա հետ և կշնորհավորեմ։ Հուսով եմ՝ ապագայում Թուրքիայի և Իրանի հարաբերությունները կբարելավվեն։ Իրանը կարևոր հարևան է, որի հետ մեզ կապում են պատմամշակութային կապերը: Նոր ժամանակաշրջանում ես ակնկալում եմ, որ Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կզարգանան դրական ուղղությամբ՝ գնալով ավելի արագ տեմպերով»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Հուլիսի 6-ին ձայների հաշվարկից հետո հայտնի էր դարձել, որ Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է Առողջապահության նախկին նախարար և ռեֆորմիստ Մասուդ Փեզեշքիանը։ Փեզեշքիանն ստացել էր 16,4 միլիոն իրանցիների աջակցությունը։ Նրա մրցակից, պահպանողական Սայիդ Ջալիլին հավաքել էր 13,5 միլիոն ձայն։
Հունիսի 28-ին Իրանում սկսվել էին նախագահական արտահերթ ընտրությունները։ Ռեֆորմիստը հաղթել էր նաև ընտրությունների առաջին փուլում՝ հավաքելով 10,4 միլիոն ձայն՝ Ջալիլիի 9,4 միլիոնի դիմաց։ Սակայն հետո նա չէր կարողացել ստանալ ընտրողների ավելի քան 50%-ի աջակցությունը։ Քվեարկությունը նշանակվել էր մայիսի 19-ին ավիավթարի հետևանքով այս պաշտոնն զբաղեցնող Էբրահիմ Ռայիսիի մահից հետո։