ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերին Ժնևում կհանդիպի ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ, տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։
Դա կլինի հայ-ադրբեջանական խորհրդարանների նախագահների երրորդ հանդիպումը։
Սիմոնյանի ու Գաֆարովայի առաջին հանդիպումը կայացել էր Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում։ Կողմերը քննարկել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը:
Երկրորդ անգամ Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվում էր Ժնևում՝ խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական նիստին, որի շրջանակում հանդիպել էր ադրբեջանցի գործընկերոջ հետ։