Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հումանիտար խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը, այդ թվում՝ բնակարանային ապահովման ծրագիրը, հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը։
«Այս համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական աջակցության կարևորությունը և ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցերի:
Փաուերն այսօր ավելի վաղ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների խնդիրներին և քննարկել է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման հեռանկարները:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ Փաուերը քննարկել էր Հայաստանի թվային վերափոխման օրակարգը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում հանրային ծառայությունների օպտիմալացման, կիբեռանվտանգության ամրապնդման աշխատանքները։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) 5 մլն դոլար կհատկացնի Հայաստանի կառավարության և Amazon Web Service-ի միջև համագործակցությունը զարգացնելու համար, ասել էր ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը։