Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը հայտարարել են խաղաղության բանակցություններում առաջընթացի մասին և պայմանավորվել շարունակել աշխատանքը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ հանդիպումը կայացել է ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ:
Ավելի ուշ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Բլինքենը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունների ժամանակ կոչ է արել արագ կնքել խաղաղության պայմանագիրը։ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Մեթյու Միլլերի խոսքով՝ Բլինքենը «քննարկել է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը և խրախուսել է հետագա քայլերը՝ գործարքը հնարավորինս շուտ ավարտելու համար»:
Միլլերը նաև հավելել է, որ պետքարտուղարը ընդգծել է խաղաղության կարևորությունը տարածաշրջանային կապի խթանման գործում, ինչը օգուտ կբերի ողջ Հարավային Կովկասին։
Բլինքենը նախարարների հետ քննարկել է «առաջընթացը, որը ձեռք է բերվել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ և կոչ է արել հետագա քայլեր ձեռնարկել՝ հնարավորինս արագ գործարքի հասնելու համար»: Պետքարտուղարը նաև ընդգծել է «խաղաղության կարևորությունը տարածաշրջանային կապերի զարգացման գործում, ինչը օգուտ կբերի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանին»։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Միրզոյանը, Բայրամովը և Բլինքենն այսօր՝ հուլիսի 10-ին կհանդիպեն Վաշինգտոնում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
Հուլիսի 9-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Ըստ երկրի ԱԳՆ-ի՝ նա մի շարք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա։
Հուլիսի 8-ին ՀՀ ԱԳՆ-ն հաստատել էր, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում կմասնակցի ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառմանը։