ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը «շատ մոտ են» խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այդ մասին նա ասել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների մեկնարկին։
Բլինքենը նշել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը «շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի համար, որն ուժեղ է, արժանապատիվ և արտասովոր հնարավորություն է երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար»:
Նրա խոսքով՝ գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ԵՄ-ի և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին ձգտում է օգնություն և աջակցություն ցուցաբերել երկու երկրներին։
«Այսօր հնարավորություն ունենք ըմբռնելու արձանագրված առաջընթացը և այն, ինչի վրա դեռ պետք է աշխատել: Բայց, ելնելով մեր բոլոր շփումներից, ներառյալ վերջին շաբաթներին, կարծում եմ, որ երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները մեծապես կաջակցի: Այնպես որ, ես իսկապես կարևորում եմ այսօրվա հնարավորությունը՝ կրկին գնահատելու, թե որտեղ ենք մենք և տեսնելու, թե էլ ինչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի համաձայնության հասնելու հարցում»,- ընդգծել է Բլինքենը:
Հանդիպումից հետո ՀՀ ԱԳՆ հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում պայմանավորվել են շարունակել խաղաղության հաստատման շուրջ աշխատանքը։