Թուրքիայի ավիացիոն իշխանություններն արգելել են Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 777F բեռնատար ինքնաթիռին թռչել իրենց օդային տարածքով, հայտնել է «Հետքը»։
Բելգիայի Լիեժ քաղաքից Երևան թռչող եթովպական Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 777F բեռնատար ինքնաթիռը, տարանցելով Գերմանիայի, Լեհաստանի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի օդային տարածքները, մտել է Բուլղարիայի երկինք, որտեղից չի կարողացել անցնել Թուրքիայի օդային տարածքն ու ժամանել Երևան։
«Թռիչքներին առցանց հետևող կայքերում, սակայն, կարելի է տեսնել, որ Բուլղարիայի երկնքում ինքնաթիռը մի քանի շրջապտույտ է կատարել ու, թուրքական կողմից մուտքի թույլտվություն չստանալով, շրջվել է հետ՝ դեպի Վիեննա, որտեղ միջանկյալ վայրէջք է կատարել, ապա վերադարձել է Լիեժ»,- գրում է «Հետքը»:
Հրատարակությունը հիշեցնում է, որ չվերթից առաջ կազմվում է թռիչքի պլան (flight plan), որի շրջանակներում ձեռք են բերվում թույլտվություններ բոլոր այն երկրների ավիացիոն իշխանություններից, որոնց երկնքով անցնելու է օդանավը:
«Հետքին» ՀՀ քաղավիացիայի կոմիտեից տեղեկացրել են, որ եթովպական բեռնափոխադրողն ունեցել է բոլոր անհրաժեշտ թույլտվությունները, սակայն Թուրքիան վերջին պահին արգելել է մտնել իր երկինք: Այլ մանրամասներ ՔԱԿ-ից չեն հայտնել:
Հրատարակությանը «Հայվեյզ» բեռնափոխադրող ավիաընկերության տնօրեն Օվսաննա Ստեփանյանը հայտնել է, որ եթովպական օդանավը գլխավորապես բեռնված էր օնլայն առևտրի միջոցով գնված սպառողական ապրանքներով, որոնք պատվիրել էին Հայաստանի ու Վրաստանի գնորդները:
«Եթովպական բորտը պետք է բեռը տեղափոխեր Երևան ու վերադառնար, իսկ բեռի՝ Վրաստանի համար նախատեսված մասը պետք է «Հայվեյզի» «Boeing 737-400» ինքնաթիռը (ՀՀ գրանցումը՝ EK-HAY) տեղափոխեր Թբիլիսի»,- նշել է Ստեփանյանը:
Թուրքիայի ստեղծած արգելքի հետևանքով երեկ չի կայացել նաև «Հայվեյզի» Երևան-Թբիլիսի չվերթը, հայտնել է կայքը։
Հայկական բեռնափոխադրողի ղեկավարը նշել է, որ թուրքական կողմը նման քայլերով ցանկանում է խոչընդոտել իր ազգային ավիափոխադրողի՝ «Turkish Airlines»-ի հավանական մրցակիցներին, որոնք Եվրոպայից բեռ կտեղափոխեն Հարավային Կովկաս, մասնավորապես՝ Վրաստան: Սակայն Ստեփանյանի խոսքով՝ Թուրքիան համարձակություն չունի խոչընդոտել իր երկնքով իրականացվող եվրոպական գիգանտ, գերմանական «Lufthansa Cargo»-ի Ֆրանկֆուրտ-Երևան-Ֆրանկֆուրտ բեռնատար թռիչքները, որոնք կատարվում են յուրաքանչյուր կիրակի:
Չնայած թուրքական կողմի խոչընդոտին՝ Ethiopian Airlines-ի մեկ այլ Boeing 777F բեռնատար այսօր Լիեժից մեկնել է ու հիմա դեպի Երևան ճանապարհին է: Ինքնաթիռն ստիպված է ավելի երկար ճանապարհ անցնել ու Հայաստան հասնել Ռուսաստանի տարածքով, կայքին հավելել են ընկերությունից։
Կայքն արձանագրում է, որ թուրքական ավիացիոն իշխանությունները շարունակում են կամայականությունները՝ խոչընդոտելով Հայաստանին առնչվող թռիչքներին ու օդանավերի ազատ տեղաշարժին:
«Դա արգելվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայով, ըստ որի՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ»,-ընգծել է կայքը։
«Հետքի» տվյալներով՝ ըստ միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակում, քանի որ չի կարող խտրական վերաբերմունք դրսևորել կոնկրետ պետության օդանավերի նկատմամբ, բայց, փաստացի, արդեն 4 տարիհենց դա է տեղի ունենում:
2020թ. սեպտեմբերի 9-ից Թուրքիան արգելում է ՀՀ գրանցում ունեցող (Հայաստանի EK ազգային նիշը կրող) օդանավերի տարանցիկ (տրանզիտ) թռիչքներն իր երկնքով, փոխարենը չի խոչընդոտում, որ այդ նույն օդանավերը վայրէջք կատարեն իր տարածքում: 2020-ի հուլիսից մինչև 2022-ի մարտ Թուրքիայի օդով տարանցիկ թռիչքներ չէր կարողանում իրականացնել նաև ՀՀ կառավարական ինքնաթիռը: 2023թ․ մայիսի 5-ին Թուրքիան փակել էր իր օդային տարածքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռի համար։
2023թ․ ապրիլի 29-ից Թուրքիան փակել էր օդային տարածքը հայկական ավիաընկերության թռիչքների համար։ Թուրքիայի այդ ժամանակվա արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն բացատրել էր, որ դրա պատճառը Երևանում «Նեմեսիս» հուշարձանի բացումն է։ 2023թ․ մայիսի 8-ին Չավուշօղլուն պահանջել էր քանդել հուշարձանը։