Արցախցիները, ովքեր չեն նախատեսում ՀՀ քաղաքացիություն ստանալ, կենսաթոշակային խնայողություններ ստանալու համար հնարավոր է դիմեն դատարան, տեղեկացել է «Հրապարակ»-ը։
Այժմ, ըստ հրապարակման, արցախցի քաղաքական գործիչները խորհրդակցում են իրավաբանների հետ։
«Մեր տեղեկություններով՝ Արցախի քաղաքական գործիչները հանդիպում են նախաձեռնում սահմանադրագետների, իրավունքի մասնագետների, իրավաբանների հետ՝ այս հարցը քննարկելու և լուծման ճանապարհը ընտրելու նպատակով։ Հանդիպման օրը դեռ որոշված չէ, սակայն մեր աղբյուրը չբացառեց, որ մասնագետների հետ քննարկումից հետո լուծման մի քանի ճանապարհ կընտրվի՝ սկսած անհատապես դատարաններ դիմելուց, վերջացրած Սահմանադրական դատարան դիմելով», – հայտնել է թերթը
Արցախցիներն օրենսդրական փոփոխությունների միջոցով այս հարցի լուծումը քննարկել են նաև խորհրդարանական ընդդիմության հետ, սակայն հաշվի առնելով, որ խորհրդարանում ՔՊ-ն մեծամասնություն է, այս ճանապարհը գրեթե բացառվում է, այդ պատճառով մնում է միայն դատարան դիմելը։
Թերթի տեղեկությամբ՝ խոսքը շուրջ 17 մլրդ դրամի և մոտ 35 հազար շահառուի մասին է։ Նշվում է, որ կուտակայինն ստանալ ցանկացողներին պետական գերատեսչությունում չեն տալիս կոնկրետ պատասխան, իսկ տարբեր կառույցներում պատասխանում են, «թե իրենք կապ չունեն կուտակային ֆոնդերի հետ», մինչդեռ այդ գումարները կուտակվել են ՊԵԿ-ի միջոցով՝ ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդերում: