Ռուսական կողմը շահագրգռված է, որ Երևանի և Մինսկի միջև առկա բարդությունների շրջանը հնարավորինս արագ ավարտվի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
Գալուզինը նշել է, որ ՌԴ-ի համար «դժվար է բացատրել այն կոշտ դիրքորոշումը, որ որդեգրել են Հայաստանի իշխանությունները բելառուս գործընկերների նկատմամբ»:
«Ալեքսանդր Լուկաշենկոն միշտ ընդգծել է Մինսկի շահագրգռվածությունը կայուն և ապահով Հարավային Կովկասում, նույնիսկ ամենադժվար ժամանակներում Բելառուսի ղեկավարի նախաձեռնություններն ուղղված են եղել հատկապես պատերազմող կողմերին հաշտեցնելուն»,- շեշտել է նա։
ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալի խոսքով՝ «Մինսկը և Երևանը ՌԴ-ի դաշնակիցներն են, որոնց հետ նա զարգացնում է բազմակողմ համագործակցություն»։ Գալուզինը հավելել է նաև, որ երկրերը ԱՊՀ, ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ են և իրենք հույս ունեն, որ ժամանակավոր տարաձայնությունները բացասաբար չեն ազդի ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում փոխգործակցության խթանման վրա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին Ազգային ժողովում հայտարարել էր, որ ՀՀ ոչ մի պաշտոնյա այլևս չի այցելի Բելառուս, քանի դեռ նախագահն Ալեքսանդ Լուկաշենկոն է։ Նա ԱԺ ամբիոնից 2-րդ անգամ Բելառուսին մեղադրել էր 2020-ին 44-օրյա պատերազմում Ադրբեջանին աջակցելու և պատերազմը նախապատրաստելու մեջ։ Նույն օրը Բելառուսում Հայաստանի դեսպանը հրավիրվել էր Երևան՝ խորհրդակցությունների։ Բելառուսը խորհրդակցությունների համար հետ էր կանչել նաև Հայաստանում իր դեսպանին։
Հունիսի 14-ին ՀՀ-ն բողոքի նոտա էր հղել Մինսկին՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազի՝ հունիսի 13-ի հայտարարության առնչությամբ, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մինսկին ուղղված հայտարարությունները կապել էր «ՀՀ ներքաղաքական բարդ իրավիճակի հետ»։