Հայ-ամերիկյան զորավարժությունները Միացյալ Նահանգներին լրացուցիչ լծակներ կտրամադրեն Երևանի քաղաքականության վրա, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով հայկական և ամերիկյան բանակների միջև «Eagle Partner 2024» առաջիկա զորավարժությունները։
«Հանրապետությունը (Հայաստանը – խմբ.)՝ զորավարժություններին և նրանց հովանու ներքո անցկացվող ուսումնական ծրագրերին ներգրավվելու միջոցով ՆԱՏՕ-ի չափանիշները պարտադրում է զինված ուժերին։ Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը, և որպես հետևանք՝ արևմտյան երկրների կողմից նրա ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդեցության լրացուցիչ լծակների ձեռքբերմանը»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ արևմտյան երկրները «մոլագարորեն» Հայաստանին ներքաշում են Անդրկովկասում և նրա շրջակայքում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որն ուղղված է, առաջին հերթին, Ռուսաստանի և Իրանի դեմ։
«Eagle Partner 2024» զորավարժությունները Մոսկվային ափսոսանք են առաջացրել հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի գործունեության փաստացի սառեցման և կազմակերպության դեմ հրապարակային հարձակումների ֆոնին»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Դիվանագետը նշել է, որ ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում կնպաստի տարածաշրջանում մյուս հակամարտությունների ներուժին և նոր բաժանարար գծեր կստեղծի։ «Ես, ցավոք, կարող եմ ասել, որ սա պարզապես միտում կամ գուշակություն չէ, սա ապացույցների վրա հիմնված վերլուծություն է»,- ավելացրեց նա:
Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվեն հայկական և ամերիկյան բանակների Eagle Partner 2024 զորավարժությունները: Զորավարժությունների նպատակն է բարելավել խաղաղապահ գործողությունների շրջանակներում միջազգային առաքելությունների ստորաբաժանումների համակարգումը, ինչպես նաև բարձրացնել հայ զինվորականների մարտական պատրաստությունը։