«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը սեպտեմբերին ՌԴ-ում Հայաստանի դեսպան կնշանակվի, հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Գուրգեն Արսենյանի համար սա ԱԺ վերջին նստաշրջանն էր. վերջինս հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին։ Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու. նրա ագրեմանը ռուսական կողմը դեռ մայիսին էր հաստատել: Հիմա, կարելի է ասել, գնդակը Հայաստանի դաշտում է»,- գրել է թերթը:
Ըստ աղբյուրի՝ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ դեսպանին նշանակում և հետ է կանչում հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
«Ինչպես մեզ փոխանցեցին, արդեն սեպտեմբերին պաշտոնապես կլինի Գուրգեն Արսենյանի նշանակման հրամանը: Օրենքի պահանջով` Արսենյանը պետք է մանդատը վայր դնելուց զատ նաև դադարեցնի անդամակցությունն իր հիմնադրած «Միավորված աշխատանքային կուսակցությունում»»,- հայտնում է թերթը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 5-ին հայտարարել է, որ Հայաստանը շուտով Ռուսաստանի Դաշնությունում նոր դեսպան կունենա։ Նա այսպես էր մեկնաբանել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի այցը ՌԴ մի շարք շրջաններ, որոնք տուժել էին Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծությունից և նրա խոսքերը, որ «երկրների (ՀՀ-ի և ՌԴ-ի) հարաբերությունները չեն որոշվում առանձին մարդկանց հայտարարություններով»։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում դեսպանի պաշտոնն զբաղեցնում է 2022 թվականի հունվարից։ Հուլիսի 1-ին նա այցելել էր Բելգորոդում ուկրաինական զինված ուժերի կողմից ավերված տուն և հայտնել, որ ցանկանում է գնդակոծությունները հնարավորինս արագ ավարտվեն։ Բելգորոդում հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա հայտարարել էր, որ պետությունների հարաբերությունները որոշվում են «ոչ թե թերթերում որոշ հոդվածներով, անհատների հայտարարություններով, այլ միջպետական համաձայնագրերով»։
Հունիսի 1-ին «Հրապարակ»-ը, հղում անելով ռուսական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Մոսկվան համաձայնագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գուրգեն Արսենյանին Հայաստանի նոր դեսպան նշանակելու մասին։ Ըստ թերթի՝ Ռուսաստանն այս որոշումը կայացրել է մայիսի 8-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին։
Հունիսի 4-ին ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հրաժարվել էր հաստատել Արսենյանին ՌԴ-ում դեսպան նշանակելու մասին համաձայնություն ստանալու մասին տեղեկությունը և հայտարարել, որ համաձայնության ձեռքբերման կարգը գաղտնի գործընթաց է, որը չի ենթադրում հանրային քննարկումներ։