ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան այցելել է Լոռու մարզի Հաղպատի միջնադարյան վանական համալիր՝ ծանոթանալու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Մշակութային և կրոնական ժառանգության պահպանումն անչափ կարևոր է»,- ասված է ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հուլիսի 10-ին հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 13-16-ը կայցելի Հայաստան։
Դեսպանատունը հայտնել էր, որ Պետքարտուղարի տեղակալը հանդիպումներ կունենա բարձրաստիճան պետական պաշտոնյաների հետ՝ հայ-ամերիկյան փոխգործակցության ամրապնդման և իրավունքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ասպարեզում Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումների առաջ մղման հարցերի շուրջ։ Զեյան նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և քննարկումներ կունենա քաղաքացիական հասարակության հետ՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի և մամուլի ազատության ամրապնդման շուրջ։