ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան Երևանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն ու արցախցիների հումանիտար խնդիրները, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ վարչակազմը մեծապես կարևորել է Հայաստանի հետ համագործակցության զարգացումն ու երկրին ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված տեխնիկական ու ֆինանսական աջակցությունը կրելու է շարունակական բնույթ, ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետը ողջունել է տիկին Զեյայի այցը և ընդգծել Հայաստան-ԱՄՆ բազմաոլորտ համագործակցության հետևողական զարգացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանը երկկողմ փոխգործակցության համատեքստում շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում։
«Մասնավորապես, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարի, արդյունավետ կառավարման, հանրային ծառայությունների, ոստիկանության և այլ ոլորտներում: Վարչապետը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական և առաջնահերթ նշանակություն»,- ասված է հաղորդագրությունում:
Ուզրա Զեյան նշանակալի է համարել Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված քայլերը և շեշտել մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության, արդարադատության, կոռուպցիայի դեմ պայքարին միտված ծրագրերի ու բարեփոխումների կարևորությունը:
Ըստ գերատեսչության՝ զրուցակիցները քննարկել են վերը նշված ուղղություններով, ինչպես նաև կրթության բնագավառում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոցների և 500 մանկապարտեզների, ինչպես նաև «Ակադեմիական քաղաքի» ծրագրերին: Կարևորվել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կրթական նոր ծրագրերի իրականացումը:
«Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է, որ ԱՄՆ շարունակելու է նպաստել երկու երկրների միջև իրական խաղաղության հաստատմանն ու տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը»,- նշված է հաղորդագրությունում:
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր: Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության շարունակական աջակցությունը:
Հուլիսի 13-ին Զեյան այցելել էր Լոռու մարզի Հաղպատի միջնադարյան վանական համալիր՝ ծանոթանալու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։
Հուլիսի 10-ին հայտնել էինք, որ ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ազրա Զեյան հուլիսի 13-16-ը կայցելի Հայաստան։