Ադրբեջանական որևէ հող չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, ինչի պատրվակով Ադրբեջանն ուզենա հարձակվել Հայաստանի վրա, «Ազատության»-ը հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Որևէ հող Ադրբեջանից չի գտնվում Հայաստանի հսկողության ներքո, որ դրա համար ուզենան հարձակվել Հայաստանի վրա, ես կարծում եմ, որ դա հաշվի կառնի նաև Ադրբեջանի կառավարությունը, որ պատերազմի համար չկա արդարացում»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ Իրանն ամեն ինչ կանի, որ տարածաշրջանում պատերազմ չլինի։
«Մենք ուզում ենք, որ բոլորը հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ կանխարգելումը շատ ավելի լավ է, քան բուժումը։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, իր սահմանները հստակ են։ Եվ պատերազմի նպատակ էլ չունի։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուզում է պահպանել խաղաղությունը և կայնությունը»,- շեշտել է Սոբհանին։
Նա նշել է, որ բանակցությունների և սահմանների հստակեցման միջոցով պետք է կարգավորվի այն հարցը, որ «Հայաստանի տարածքների մի մասը գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ»։
Իրանի դեսպանը հիշեցրել է, որ իրենք լավ հարաբերություններ ունեն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ, և օգտագործում են այդ լավ հարաբերությունները, որ նոր պատերազմ չլինի։
Նա պատասխանել է նաև Բաքվի կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր ագրեսիայի դեպքում Իրանի քայլերի մասին հարցին՝ մանրամասնելով Իրանի հնարավոր քայլերը։
«Սա Հայաստանն է, անկախ երկիր է, ունի ազգային ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, և այս երկրում այլ երկրի ցանկացած գործողություն պետք է լինի տվյալ երկրի համաձայնությամբ։ Այն, թե Իրանը Հայաստանի հետ համագործակցությունն ինչպես առաջ կտանի, կախված է երկու երկրների համագործակցությունից»,- հավելել է դեսպանը։