ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է հին կուսակցությունների՝ իրենց սպառելու, մարդկանց վստահությունը կորցնելու մասին։
«Անկախ նրանից, թե ով ինչպես կընդունի, ես ասում եմ այնպես, ինչպես կա։ Ժողովրդի մեջ ոչ վստահություն կա, ոչ հավատք, հին կուսակցություններն արդեն իրենց խնդիրն սպառել են, ժողովուրդը հոգնել է»,- ասել է նա «Հայաստան-Արցախ» երիտասարդական միության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ծառուկյանի խոսքով՝ մեր թշնամին, առաջին հերթին, ներքին թշնամանքն է, որը պետք է վերացվի։
«Դրա համար հաջողություն չի կարող լինել։ Մենք մի ազգ ենք։ Դա կլինի ղարաբաղցի, սփյուռք, Հայաստան՝ հայը մեկն է։ Պետք է կարծրատիպերը կոտրենք, որ կարողանանք քարը քարին դնել, զարգացնել, հզորացնել, ի օգուտ երկրի, ժողովրդի, երիտասարդության»,- նշել է նա։
Ծառուկյանի խոսքով՝ ՀՀ-ն այսօր դաշնակիցներին ամրապնդելու փոխարեն վանում է հեռու։
«Չպետք է խաղալիք լինենք այլ պետությունների ձեռքին, պետք է կամուրջ հանդիսանանք Արևմուտքի համար, բոլորի հետ պետք է լավ լինենք, ոչ մեկի հետ վատ չլինենք, բայց ով դաշնակից է, նրա հետ ավելի երկարաժամկետ ծրագրեր, գործունեություն ունենանք»,- եզրափակել է նա։